ՀՀ–ն երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը լինել Հայաստանում. Խանդանյան

Սարգիս Խանդանյան. Արխիվային լուսանկար
ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին հնարավոր կլինի խոսել, երբ ներկայացվի նախագիծ որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը լինել Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նման առաքելությունը լիներ, լրամշակման փուլում է։
«Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշեց նա։
Սարգիս Խանդանյանը մանրամասնեց, որ ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին հնարավոր կլինի խոսել այն փուլում, երբ Հայաստանը կգտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներին ու ցանկություններին։
Պատգամավորի խոսքով՝ առանց իրավիճակը մանրամասն գնահատելու դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ՀԱՊԿ-ն պետք է իրականացնի։
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր, որ ի շահ Հայաստանի անվտանգության` կառույցը մշտապես պատրաստ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել։
Գնդակը Երևանի դաշտում է. Զախարովան` Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: