ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հարկային ոլորտում շատ լուրջ խորքային պրոբլեմներ կան։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ պատկան կառույցները հարկերից խուսափելու մի ամբողջ համակարգ են բացահայտել։
«Վերջես մեր իրավապահ համակարգի գործունեության արդյունքում` ՊԵԿ, ՔԿ, ԱԱԾ, գլխավոր դատախազություն, մենք հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ ինֆորմացիա կտա»,– ասաց Փաշինյանը` չմանրամասնելով, թե որ բացահայտման մասին է խոսքը։
Վարչապետը հայտարարեց, որ հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չունենա։
Նշենք, որ վերջերս «Ալեքս տեքստիլ» և «Նոր Զովք» ընկերություններում կատարված խուզարկությունների արդյունքներում հայտնաբերվել էին սերվերային համակարգեր, որոնց միջոցով ընկերությունները կարողացել են թաքցնել շրջանառության վերաբերյալ իրական տվյալները։
«Նոր Զովք»-ի պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ, իսկ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ–ի տնօրենին, աշխատակիցներին և նրանց օժանդակած այլ ընկերության սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել 1 մլրդ 144 մլն դրամի հարկեր չվճարելու համար։