Հայաստանում երկրաշարժի կառավարման միջազգային վարժանք կիրականացվի

Արխիվային լուսանկար
Համաձայն վարժանքի սցենարի, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ, և Հայաստանը ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Մոնտենեգրոն ու Մակեդոնիան ԵՄ–ի ֆինանսավորմամբ Հայաստանում համատեղ դաշտային վարժանքներ կիրականացնեն։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության նիստում հաստատված որոշման մեջ։
«Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» վարժանքների անցկացման համար Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինությունը 297 616 600 եվրոյի դրամաշնորհ է տրամադրել։
Դաշտային վարժանքին բացի նշված երկրների փրկարարներից մասնակցելու են նաև Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղարության, Եվրամիության անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներ ու տարբեր երկրների քաղաքային որոնողափրկարարական թիմեր:
Համաձայն վարժանքի սցենարի, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ, և Հայաստանը ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին։ Տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու և փրկելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: