ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Վարչապետը պետական հիմնարկներին արգելեց բարեգործներից նվերներ ընդունել։
«Պետական ֆինանսավորմամբ որևէ հիմնարկության արգելում եմ որևէ բարեգործություն։ Էդ բրինձ–լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես։ Ով ուզում է բարեգործություն անել, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, թող դիմեն ուղիղ նախարարություն, նախարարությունը կասի՝ որտեղ կարող են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ բոլոր այն հիմնարկների ղեկավարները, ովքեր այս սխեմայից դուրս կգան, շատ խիստ ու անհետաձգելի միջոցների կարժանանան։
«Մարզային շրջագայությունների ժամանակ մեկ էլ մտնում ես մի դպրոց կամ սոցիալական նշանակության օբյեկտ և տեսնում ես պատից մի հատ ռոկոկո կամ Լեոնարդո դա Վինչի է կախված։ Ընդ որում, միջավայրը կիսաավերակ է։ Ասում ես` էս ի՞նչ է։ Ասում են` բարեգործություն է, նվիրել են, վերցրել ենք։ Էդ նվերի վրա էլ երևի մի 60 ժամ ֆիլմ են նկարել, մի 25 հատ հեռուստատեսային ռեպորտաժ, մի 85 հատ պլակատ, թե ինչ մեծ բարեգործություն է տեղի ունեցել։ Սա պետք է դադարեցնել»,– ասաց վարչապետը։
Փաշինյանն առաջարկեց բարեգործների համար հատուկ հիմնադրամ ստեղծել, որտեղ նրանք ցանկության դեպքում գումար փոխանցեն և հնարավորություն ունենան ասելու, թե կոնկրետ որ հիմնարկին են ուզում ուղղել իրենց տրամադրած միջոցները։