Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակից անցանկալի անձ են հայտարարվել

Ադրբեջանի ԱԳՆ
Իրանցի դիվանագետները 48 ժամվա ընթացքում պետք է լքեն Ադրբեջանի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ անցանկալի անձ են հայտարարվել, նրանք պետք է շտապ հեռանան Ադրբեջանից: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
«Ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Դեսպաննի հայտնել են, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ այդ դիվանագետները պետք է լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում:
Ընթացիկ տարվա հունվարի վերջին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր իրանական գործակալական ցանցի դեմ հատուկ գործողության մասին։ Որպես կասկածյալ ձերբակալվել էր 7 մարդ։ Մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր ևս 39 մարդու ձերբակալության մասին, որոնց մեղադրանք էր առաջադրվել հօգուտ Իրանի դիվերսիոն գործունեության համար: