ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում ձերբակալվել են անձինք, որոնց կասկածում են Իրանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում ասվում է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլահ Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը կաշառքի և կրոնական քարոզչության միջոցով համագործակցության են ներգրավել Ադրբեջանի քաղաքացի Արիֆ Ջումշուդովին։ Նրան հանձնարարվել է ստեղծել «դիմադրության խումբ»:
Հետաքննության պնդմամբ՝ դրա նպատակը եղել է Ադրբեջանում զինված անկարգությունների կազմակերպումը, երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխությունը և հանրապետության տարածքում իսլամական պետության ստեղծումը։
Նշվում է, որ Ջումշուդով հանցավոր գործունեության մեջ ներգրավել է իր ծանոթներից 4 կրոնական ծայրահեղական մարդկանց։ Նրանց նաև մեղադրում են Իրանից նպատակաուղղված մատակարարվող թմրանյութերի վաճառքի կազմակերպման մեջ, որոնցից ստացված գումարները, ինչպես պնդում են, ուղղված են եղել Ադրբեջանում կրոնական արմատականության քարոզչությանը և այլ դիվերսիոն գործունեության։