Ովքեր են Մակունցի հետ հանդիպած դաշնակցականները, պարզաբանում է Կիրո Մանոյանը. «Հրապարակ»

Կիրո Մանոյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Մանոյանն ընդգծել է, որ դաշնակցականներն այս իշխանությունների հետ չեն կարող հանդիպել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց գաղափարախոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ հանդիպած մարդիկ շատ վաղուց դաշնակցականներ չեն։«Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը` հավելելով, որ այսկերպ իշխանությունները փորձում են հասարակությանն ապակողմնորոշել։
Երեկ «Հրապարակը» գրել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ դաշնակցականների՝ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամներ Քարմէն Օհանեանին, Յարութ Մկրտիչեանին և Վահան Պզտիկեանին, նրանց համայնքում «Նիկոլից ավելի Նիկոլ» են անվանում:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում ՀՅԴ բոլոր կառույցները բոյկոտում են Մակունցին։ Եվ այն, որ դեսպանն իր մոտ է հրավիրել ՀՅԴ-ից մի քանի տարի առաջ վտարված ՀՅԴ արևմտյան կառույցի ներկայացուցիչներին, խիստ զայրացրել է ԱՄՆ-ի ՀՅԴ-ականներին:
«Հասարակության մոտ սխալ կարծիք են փորձում ձևավորել, այդ խումբը, որին դաշնակցական են անվանում իշխանությունները, կուսակցության հետ խնդիրներ են ունեցել և արդեն շատ վաղուց դաշնակցականներ չեն: Հանրության մեջ փորձում են շփոթմունք առաջացնել»,- թերթին ասել է Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` դաշնակցականներն այս իշխանությունների հետ չեն կարող հանդիպել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց գաղափարախոսությունը։