ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մարտի 26–ին Անի և Սիսիան համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ վերահաշվարկի որևէ դիմում–բողոք չի եղել։ Այս մասին ընտրությունները ամփոփող ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Քվեարկությունն ընթացել է բնական հունով։ Բոլոր տեղամասերում քաղաքական ուժերը ունեցել են վստահված անձինք, և որևէ վերահաշվարկի դիմում–պահանջ չի եղել»,–ասաց նա։
Նա նշեց, որ Անիում թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 3 տեղամասերի վերահաշվարկ է իրականացրել, իսկ Սիսիան համայնքում 34-րդ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ իրականացրել է Սիսիանի 4 տեղամասի արդյունքների վերահաշվարկ։
«Վերահաշվարկներն իրականացվել են այն տեղամասերում, որոնց հետ կապված ԸԸՀ–ն կասկածներ է ունեցել։ Օրինակ, մատյանում եղել է դիտորդի կողմից գրառում, որ քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ ինքը նկատել է, որ լավ չհաշվեցին, այդ գրառման հիման վրա հանձնաժողովը իր նախաձեռնությամբ իրականցրել է վերահաշվարկ։ Կամ անվավեր քվեաթերթիկների թիվը մյուս ընտրատեղամասերի համեմատ մեծ է եղել»,–ասաց Հովակիմյանը։
Ինչ վերաբերում է խախտումներին` նա նշեց, որ լուրջ խախտումներ չեն եղել։ Մրցակից կողմերի միջև հիմնական տարակարծությունը ընթացակարգով չնախատեսվող վայրերում պաստառների փակցնելու խնդիրներին է վերաբերվել ։ Այդ խախտումները, ԿԸՀ նախագահի խոսքով, արձանագրվել են ԸԸՀ–ի կողմից և շտկվել։
Միևնույն ժամանակ Հովակիմյանը հայտնեց, որ այսօր դատական բողոքարկման ժամկետի վերջին օրն է։ Սակայն մինչ այս պահը բողոքարկում չի եղել։
Հիշեցնենք, որ մարտի 26–ին Շիրակի մարզի Անի համայնքում և Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած արտահերթ ՏԻՄ ընտրություններում ձայների զգալի տարբերությամբ հաղթել է իշխող ՔՊ–ն։ Անիում առաջադրված է եղել «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Իսկ Սիսիանում առաջադրված են եղել Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: