ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքի` Վանաձորի մուտքի Դեմիրճյան փողոցի հիմնանորոգումը դարձյալ հետաձգվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
2022 թվականի դեկտեմբերին նախարարությունն ի պատասխան մեր հարցման հայտնել էր, որ հիմնանորոգման աշխատանքները պետք է մեկնարկեն 2023 թվականի գարնանը։
«Վանաձոր քաղաքային համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի (3.7 կմ) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Գլավդորստրոյ» ԲԸ–ի միջև 29.09.2022 թ–ին կնքվել էր համապատասխան կապալի պայմանագիր, սակայն պայմանագիրը միակողմանի լուծվել է կապալառուի նախաձեռնությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանից հետո, ինչպես հայտնել են նախարարությունից, նոր մրցույթ է հայտարարվել, որի ամփոփման գործընթացն ավարտական փուլում է։
«Հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց և ֆինանսական միջոցներ հատկացնելու հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2023 թվականի տարեվերջին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նախարարությունը ևս 4 փողոցների հիմնանորոգման մրցույթ էր հայտարարել, բայց արդեն քաղաքի ներսում։
Նշենք, որ տարիներ շարունակ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի մուտքի ճանապարհները (ինչպես Սպիտակի, այնպես էլ Դիլիջանի կողմից) սարսափելի վիճակում են։ Ճանապարհների հետ կապված իրավիճակը ցավալի է նաև քաղաքի ներսում։
Վանաձորի վարորդներն էլ բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել ճանապարհները վերանորոգելու պահանջով։