Ուկրաինայի զինված ուժերի հարվածային դրոնն ընկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ

Զապորոժիեի ԱԷԿ-ը
ԱԹՍ-ի բեկորների գտնվելու վայրը կարող է վկայել այն մասին, որ հարձակման թիրախը եղել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ենթակառուցվածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Լեհաստանի արտադրության ուկրաինական հարվածային ԱԹՍ-ն ընկել է Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող ՌԴ ԶՈւ ստորաբաժանման հրամանատարին:
Մարտի 29-ին Զապորոժիեի ԱԷԿ էր այցելել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին: Նա «Ռոսէներգոատոմի» գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաայի հետ միասին շրջել էր կայանի տարածքում։ Գրոսսին հայտարարել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկել կայանը հարձակումներից պաշտպանելու համար: Սա Գրոսիի արդեն երկրորդ այցն էր ԶԱԷԿ և առաջինը՝ այն բանից հետո, երբ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին նա հաստատել էր ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մշտական ներկայությունը կայանում:
«Ուկրաինական ռեժիմը էլեկտրակայանի վրա հարձակվելու հերթական փորձն է ձեռնարկել՝ Լեհաստանի արտադրության ԱԹՍ-ներով, չնայած կայանում ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ներկայությանը։ Սարքի քաշը կազմել է ավելի քան երկու կիլոգրամ։ ԱԹՍ-ի բեկորների գտնվելու վայրը կարող է վկայել այն մասին, որ հարձակման թիրախը եղել է ԶԱԷԿ-ի ենթակառուցվածքը»,-ասել է զինվորականը։
Նա հավելել է, որ մասնագետները պարզում են ԱԹՍ—ի անկման պատճառները։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները շարունակում են գնդակոծել Էներգոդարն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարակից տարածքը։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը ձգտում է միջուկային աղետի սպառնալիքի տեսանելիություն ստեղծել՝ շարունակելով նպատակաուղղված գնդակոծել ԶԱԷԿ-ը։ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) բազմիցս հայտարարել է ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: