ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։
Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը նշեց, որ այս փոփոխություններով կհստակեցվեն տեսչական մարմնի կողմից որոշակի գործողություններ։
Նրա խոսքով` գործող կարգավորումների շրջանակներում տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով հրդեհային կամ տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր, բայց չնայած նրան, որ որոշում է կայացվում տվյալ օբյեկտի շահագործումն այդ պայմաններում դադարեցնել, օբյեկտի շահագործողը կարողանում է դա շրջանցել։
«Սակայն գործնականում այդ որոշումների ապահովման համար արդյունավետ մեխանիզմները բացակայում են և վերահսկողությունն իր նպատակին չի ծառայում»,–ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով` առաջարկվող կարգավորումներով ակնկալում են լրացնել բոլոր այն ճեղքերը, որոնք թույլ են տալիս չկատարել տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերը։