ՔՊ–ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դատախազություն դիմել

Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը` երեկ ԱԺ–ի առջև կայացած ակցիայի ժամանակ հնչած արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն երեկ Ազգային ժողովի առջև կայացած հանրահավաքի ժամանակ հնչած կոչերի առնչությամբ։ Հովհաննիսյանն իր մտադրության մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում`նշելով, որ հավաքի ընթացքում հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական թիմի անդամների, քաղաքական ուժի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժումն ու մի շարք այլ քաղաքացիներ երեկ բողոքի ակցիա էին անում ԱԺ շենքի դիմաց` պահանջելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իսկ ՀՀ Ազգային ժողովը Արցախի Հանրապետությունը ճանաչի որպես անկախ սուբյեկտ ։ Հանրահավաքին մասնակցում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանը։
«Հավաքի ընթացքում հնչել է «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները» արտահայտությունը և մի շարք այլ վիրավորանքներ ու սպառնալիքներ։ Հարկ է նշել, որ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստից հետո այդ հավաքին միացավ և ելույթ ունեցավ նաև Էդգար Ղազարյանը: Սա լավագույնս ապացուցում է, որ հանձնաժողովի նիստում կատարվողը և ԱԺ դիմաց տեղի ունեցած հավաքը սինխրոնացված էր և գործում էր մեկ նպատակի` բռնության էսկալացիայի համար»,–գրել է Հովհաննիսյանը։
Նա հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը` դեպքերին իրավական գնահատական տալու համար։
Հիշեցնենք` երեկ Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցավ բավական լարված մթնոլորտում և ՔՊ–ականների ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի ընկավ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։