ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» կալանքի ժամկետը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կրկին կալանավորել էր հունվարին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: