Մեր աջակցությունն ենք հայտնում ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում գտնվողներին. Քերի

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին կարծում է, որ Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը պետք է վերականգնվի։ Քերին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ է նման կարծիք հայտնել, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Մեր այցն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Հայաստանի և Սլովակիայի 30-ամյա համագործակցության առիթն է: Երկրորդը՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել հայ ժողովրդի այն հատվածին, որը հիմա գտնվում է ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում»,–ասել է նա` հավելելով, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին։
Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին՝ Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղության հասնելն է: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։