Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն հայ–թուրքական հարաբերությունների վերականգնման հարցը

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները նախատեսում են է մանրամասն քննարկել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է մանրամասն քննարկել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցը։
«Նախատեսվում է քննարկվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն նաև թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը։ Անդրադարձ կկատարվի Անկարային և Դամասկոսին քառակողմ ձևաչափով աջակցություն ցուցաբերելու քայլերին՝ Իրանի՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկրի մասնակցությամբ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։