Իտալիայի նախկին վարչապետը հոսպիտալացվել է

Բեռլուսկոնիի առողջական վիճակին հետևում է բժշկական թիմը՝ նրա անձնական բժիշկ Ալբերտո Ձանգրիլոյի ղեկավարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր հոսպիտալացվել է վարակի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
«Նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ վարակի հետ կապված խնդիրը չի լուծվել։ Բայց նա խոսում է, դա այն է, ինչ ես գիտեմ», - հայտարարել է Տայանին, որն «Առաջ, Իտալիա» կուսակցության ազգային համակարգողն է։
Նա նաև լրագրողներին ասել է, որ դեռևս չի խոսել նախկին վարչապետի հետ։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բեռլուսկոնին կրկին հայտնվել է Միլանի San Raffaele հիվանդանոցում ՝ սրտանոթային համակարգի խնդիրների, «շնչառության հետ կապված դժվարության» պատճառով:
Կլինիկայում նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Սենատորի առողջական վիճակին հետևում է բժշկական խումբը՝ նրա անձնական բժիշկ, պրոֆեսոր Ալբերտո Ձանգրիլոյի ղեկավարությամբ: