Իրանի խորհրդարանը դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը

Իրանի խորհրդարանը. Արխիվային լուսանկար
Իրանցի օրենսդիրները կարծում են, որ Իսրայելում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության բացումը բացասական հետևանքներ կունենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարություն է ընդունել, որով դատապարտել Է Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատան բացումը: Փաստաթղթում նշվում է, որ Բաքվի այս քայլն արվել է ի հեճուկս իսլամական աշխարհի շահերի:
«Ադրբեջանի կառավարության գործողությունը բազմաթիվ բացասական քաղաքական հետևանքներ կունենա, և աշխարհի մահմեդականները այն կդիտարկի որպես աջակցություն սիոնիստական ռեժիմին՝ ճնշված պաղեստինցիների դեմ սպանությունների և հանցագործությունների մեջ»,–նշում են խորհրդարանականները:
ԻԻՀ օրենսդիր մարմինը արաբական և մահմեդական երկրներին, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությանը խնդրում է դատապարտել Ադրբեջանի հիշյալ քայլը: Բացի այդ, խորհրդարանը կոչ է անում Իրանի ԱԳՆ-ին անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին: Դրան մասնակցել են երկու երկրների արտգործնախարարները։