ՀՀ շահերի պաշտպանության որակը կբարելավվի, եթե օրենքի նախագիծն ընդունվի. Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյանը. Արխիվային լուսանկար
Օրենքի նախագծով առաջարկվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի լիազորությունները հստակեցնել, որը դրական ազդեցություն կունենա ներկայացուցչի գործունեության արդյունավետության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության հեղինակած «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը և ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:
ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել։
«Կատարվել են տեխնիկական և իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել»,–ասաց Կիրակոսյանը: Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Հարակից զեկուցող պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նշեց, որ առաջին ընթերցմամբ նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: