ՀՀ նախագահը և Հակոբ Արշակյանը ԼՂ–ում տիրող իրավիճակը քննարկել են Մեքսիկայի սենատորների հետ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մեքսիկայի սենատորներին
Վահագն Խաչատուրյան մեքսիկացի խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, ղարաբաղյան հակամարտության ծագման մասին, Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Մեքսիկան ավելի հասցեական գնահատականի կարժանացնի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել ենՄեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին և նրանց հետ քննարկել Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը։
«Հանդիպումն առիթ է` ձեզ երախտագիտության խոսքեր հղելու Մեքսիկայի Սենատում ձեր քաղաքական դիրքորոշման համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին աջակցելու համատեքստում: Մեզ համար շատ մեծ նշանակություն ունի այն, որ դուք այդ քայլն արել եք, քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենացավոտ էջերից է»,– ասել է նա։
Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը նշել է, որ Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին մարդու իրավունքների խախտման մասին է:
«Սենատորները շատ լավ գիտակցում են՝ այն թեմաները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, պետք է մշտապես տեսանելի լինեն, որպեսզի նման ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն»,– նշել է սենատորը:
Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը մեքսիկացի խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, ղարաբաղյան հակամարտության ծագման և բովանդակության վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի վտանգի առջև:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել մշակույթի, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացման և առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորություններին:
Ինչպես հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեքսիկացի խորհրդարանականների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու և խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ ու ողջունում է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:
Նա շեշտել է, որ մեծ գնահատանքի է արժանի 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը: Արշակյանը հույս է հայտնել, որ Մեքսիկան ավելի հասցեական գնահատականի կարժանացնի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ Հայաստան–Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը, անդամներ Թագուհի Թովմասյանը և Ալխաս Ղազարյանը։ Նրանք էլ կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը։
Հակոբ Արշակյանը և Մեքսիկայի սենատորները