Հայաստանում ՌԴ ռազմակայանի ուղղաթիռները ոչնչացրել են «հակառակորդի» շարասյունը

ՀՌՕ ուղղաթիռները. Արխիվային լուսանկար
Ռուսական ռազմական ավիացիան խոցել է պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը, զրահատանկային շարասյունը և հատուկ տեխնիկայի շարասյունը նմանակող թիրախները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բանակային ավիացիայի օդաչուներն ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերահսկողական ստուգման շրջանակներում ուղղաթիռների անձնակազմերը լեռնային տեղանքում «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու խնդիր են ստացել:
Ճակատային ավիացիոն նշանառուներից կոորդինատները ստանալուց հետո օդաչուներն ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել, ռազմական տեխնիկա հայտնաբերելիս չկառավարվող հրթիռներ են արձակել և ավիացիոն թնդանոթից կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ հազարից մինչև երեք հազար մետր հեռավորության վրա։
ՀՌՕ-ի անձնակազմերը խոցել են պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցին, զրահատանկային շարասյանը և հատուկ տեխնիկայի շարասյանը նմանակող թիրախները:
Ուսումնամարտական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին՝ գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ:
Թռիչքի առաջադրանքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ անձնակազմերի ներդաշնակությունը մարզելու նպատակով։
Վերահսկողական ստուգման պարապմունքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 130 զինծառայողներ, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ: