ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրոպայի օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հաստատել է Հայաստանի 5 մարզիկ-մարզուհիների մասնակցությունը Եվրոպայի ամառային երրորդ խաղերին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին մեկնարկելիք մրցումներին մասնակցելու իրավունքը Հայաստանից առաջինը նվաճել է երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդը նույնպես մարզուհի է` Անիտա Մակյանը, որը կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ է: Կանանց եռյակի հերթական ներկայացուցիչը Քրիստինե Մանգասարյանն է: Եվրոպական խաղերում նա հանդես կգա թեքբոլ մարզաձևում, կմասնակցի անհատական և խառը զուգախաղերում, որտեղ կընկերակցի Ռաֆայել Վարդանյանի հետ:
Տղամարդկանց զուգախաղերում ներկայացված կլինի Ռաֆայել Վարդանյան-Գոռ Սարգսյան երկյակը: Գոռ Սարգսյանն իր հմտությունները կցուցադրի նաև մենախաղերում: