Դիմելու ենք գլխավոր դատախազին, Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի. Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը. Արխիվային լուսանկար
Ընդդիմադիրները երեկ հանձնաժողովի նիստում կատարվածի համար երեք սցենար են դիտարկում` դիմել գլխավոր դատախազին, միջազգային գործընկերներին ուղարկել կատարվածի սղագրությունը և հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՄԻՊ-ի ընտրությունում ԱԺ հանձնաժողովում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի արարքներին քրեաիրավական բնույթի գնահատական տալու համար որոշում է կայացվել գլխավոր դատախազին գրություն ուղարկել, քանի որ Արթուր Հովհաննիսյանի արարքներում եղել է հանցակազմ։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ երեկ Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել է բավականին լարված մթնոլորտում և ՔՊ–ականների և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ՄԻՊ-ի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, նաև սահմանափակեցին խոսքի ազատությունը։ Նա պետք է պատժվի այն սպառնալիքների համար, որ պատգամավորների ներկայությամբ անթաքույց հնչեցնում էր թեկնածուի և իմ հասցեին»,–ասաց պատգամավորը։
Հաջորդ քայլը Թովմասյանի կողմից լինելու է միջազգային գործընկերներին հանձնաժողովի նիստի սղագրությունը թարգմանած ուղարկելը։ Նպատակը, նրա խոսքով, ցույց տալն է, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։
«Միշտ կարելի է մերժել անցանկալի թեկնածուին, բայց դա անել ավելի քաղաքակիրթ , բարեկիրթ մեթոդների կիրառմամբ։ Բայց մենք գործ ունեինք պարզապես փողոցային վարքագծի դրսևորման հետ, որը չպետք է մնա անպատիժ նաև միջազգային գործընկերների մակարդակում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով դիմելուն Թովմասյանը նշում է, որ այս հարցով դեռևս քննարկումներ են, և նպատակահարմարության հարց կա, քանի որ նախ այդ հանձնաժողովի ձևավորումը կապված է ՔՊ–ականների քվեարկությունից, բացի դա էլ, եթե ձևավորվի, վստահ են` որևէ պատիժ չի լինի։
Նշենք, որ թեժ քննարկումից հետո ՄԻՊ պաշտպանի պաշտոնում հաստատվեց ՔՊ–ի առաջադրած Անահիտ Մանասյանի թեկնածությունը։