Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն Հայաստանի համար. Յուն Ֆան

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը. Արխիվային լուսանկար
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը իր հրապարակած հոդվածում գրել է, որ Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, ներկայացնել իր զարգացման փորձը՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների:
Այս մասին իր հոդվածում, որի մի մասը վերաբերում է հայ– չինական հարաբերություններին, գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը։
«Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա։ Չինաստանի և Հայաստանի միջև փոխանակումները երկար տարիների պատմություն ունեն։ Հայաստանը գտնվում է եվրասիական տարածաշրջանի կենտրոնում և պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Այս առևտրային ուղին դարձավ հին Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև առևտրային և մշակութային փոխանակման կարևոր օղակ»,– գրել է նա։
Դեսպանը հիշեցրել է, որ 2009 թվականից ի վեր Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Ըստ չինական կողմի վիճակագրության` 2022 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 1,758 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 39,4 %-ով։
«Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի» կառուցումը, ենթակայանների վերափոխումը, ֆոտովոլտային էլեկտրոկայանների կառուցումը և այլն, որոնք դրական ներդրում են երկրի տնտեսական զարգացման գործում»,– հավելել է նա։
Ֆան Յոնգը նշել է, որ հանդիսանալով 1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ շուկա, որտեղ միջին եկամուտ ունեցող բնակչության քանակը կազմում է 400 միլիոն և ավելի, Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն, իսկ համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։
Իսկ ներկայումս, ըստ դեսպանի, Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ։
Նա վստահություն է հայտնել, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերություններն ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ։