Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ

Գյուղտնտեսական աշխատանքներ. արխիվային լուսանկար
Խնապատ համայնքի բնակիչը կրակոցների հետևանքով դադարեցրել է գյուղատնտեսական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ադրբեջանական կողմը նշանառության տակ է վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին:
«Վերջինս ժամը 16:00-ի սահմաններում Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար:
Հիշեցնենք` ՌԴ ՊՆ–ն այսօր հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են արձանագրվել Մարտակերտի շրջանում։