ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Իշխող խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը կարծում է, որ կարևոր է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, որպեսզի կարողանա ցույց տալ ԼՂ խնդրի արդյունքում մարդու իրավունքների խայտառակ վիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մանասյանը նման կարծիք հայտնեց` խոսելով ԼՂ թեմայով իր անելիքների մասին։
«ՄԻ պաշտպանի գործիքակազմը կարող է կարևոր գործիք լինեն արցախյան հիմնախնդրի հարցում մարդու իրավունքների խախտումները վերացնելու հարցում։ Հիմնախնդրի արդյունքում ունենք կյանքի, սեփականության իրավունքի խախտումներ։ Իմ բոլոր հնարավորությունները, նաև փաստահավաք առաքելության ու միջազգային գործընկերների հետ կապերի միջոցով, օգտագործելու եմ խախտումները լուծելու համար»,–ասաց Մանասյանը։
Նրա խոսքով` այդ խնդիրների լուծմանը հիմա էլ ներգրավված է, սակայն «առանց հատուկ գովազդային վահանակների»։ Մանասյանը նշեց, թե շատ ընտանիքներ ունեն լուրջ հոգեբանական աջակցության կարիք.
«Շատ կարևոր եմ համարում միջազգային գործընկերների հետ աշխատանքը, որպեսզի կարողանանք ցույց տալ այն ամբողջ հումանիտար ճգնաժամը, մարդու իրավունքներին վերաբերելի այն խայտառակ վիճակը, որն ունենք այս փուլում»։
Հայտնել էինք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Հանձնաժողովում Էդգար Ղազարյանին արդեն իսկ ներկայացրել են, այժմ հերթն Անահիտ Մանասյանինն է։