Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները քննարկել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` այս համատեքստում երկուստեք կարևորվել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով ընդգծվել է միջազգային հանրության կողմից շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:
«Երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, և Շվեդիան` որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Կարևոր է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարության հզորացմանը»,– ասել է վարչապետը։
Պատգամավորական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը նշել է, որ Շվեդիան ևս հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերության զարգացմամբ:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:
Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և նշել, որ Շվեդիան կշարունակի իր նպաստը բերել այդ գործընթացին:
Առավել դինամիկ շփումների կարիք կա. ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ փոխվարչապետին