Կնորոգվեն Երևանի Տիչինայի և Մոլդովական փողոցները. դրանք մասնակի փակ կլինեն

Նորոգման կենթարկվեն Տիչինայի և Մոլդովական փողոցները
Վերանորոգման ընթացիկ աշխատանքների պատճառով փողոցներից մեկը կփակվի ամբողջությամբ, մյուսը` մասնակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն այսօրվանից ընթացիկ վերանորոգման կենթարկի Տիչինայի և Մոլդովական փողոցները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Շինարարական աշխատանքները կկատարվեն «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում։
Մասնավորապես, նախատեսվում է ապրիլի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման ենթարկել Երևանի Տիչինա փողոցը:
«Նշված ժամանակահատվածում փակ է լինելու Տիչինա փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում ենք՝ որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զ. Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները»,–հայտնում է քաղաքապետարանը։
Միարժամանակ, ապրիլի 4-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը:
Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով:
Հիշեցնենք, որ այժմ ընթանում է նաև «Հաղթանակ» կամրջի մայթերի վերանորոգման աշխատանքները, որը մեկնարկել են փետրվարի 20-ին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանը նշում էր, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 5-ին։ Վերջերս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետի ԺՊ Խորեն Գրիգորյանը հայտարարեց, որ «Հաղթանակ» կամրջի վերանորոգման աշխատանքները` առանց լուսավորության, կավարտվեն մինչև հունիսի կեսը։