Միջազգային կառույցների զեկույցներով ՀՀ–ում քաղբանտարկյալներ չկան. ՄԻՊ-ի թեկնածու

Անահիտ Մանասյանը ԱԺ–ում
Անահիտ Մանասյանը պատասխանեց հարցին, թե ի՞նչ կասի ընդդիմադրների այն պնդումների մասին, ըստ որոնց` ՀՀ–ում ընդդիմությունը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Անձի կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելն ու ոչ իրավաչափ արարքի համար պատասխանատվության ենթարկվելն անձին քաղբանտարկյալ համարելու հիմք չի հանդիսանում։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց իշխող խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված ՄԻ պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը` պատասխանելով հարցին թե ինչ կասի ընդդիմադրների այն պնդումների մասին, ըստ որոնց` ՀՀ–ում ընդդիմությունը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։
Հայտնել էինք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի։ ԱԺ հանձնաժողովի նիստում այժմ ներկայացնում են թեկնածուներին։
«Միջազգային չափանիշների համաձայն` եթե անձը ոչ իրավաչափ արարք է կատարում, անպայման պետք է պատասխանատվության ենթարկվի։ Յուրաքանչյուր իրավիճակի հետ կապված ինդիվիդուալ մոտեցում է պետք։ Պարզապես կարող եմ մեջբերել միջազգային այն կառույցների զեկույցները, որոնք ՀՀ–ում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ են տալիս։ Այս փուլի համար նրանք արձանագրում են, որ չկան հաստատված տվյալներ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին»,–ասաց Մանասյանը։
Նրա խոսքով` այլ հարց է, որ լրջագույնս պետք է մտածել այն ուղղությամբ, որ ընդհանուր հավասարության վիճակը չխախտվի։ Այսինքն` պետությունում չլինի իրավիճակ, որ անձն օրինական հիմքերով ենթարկվի պատասխանատվության` լինելով ինչ-որ քաղաքական հայացքների կրող, սակայն նույն արարքի համար այլ քաղաքական հայացքներ կրողը պատասխանատվության չենթարկվի։
Մանասյանը նշեց, որ նման խնդիրները պետք է բացառել։
«Լեզուն կկտրեմ». «Պարոն խեղկատակ». ՔՊ–ականները Ղազարյանի ելույթի ժամանակ լքեցին դահլիճը