ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Լաչինի միջանցքի խնդիրն ամենևին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Քերին նշել է, որ հակամարտությունների և չավարտված պատերազմների ժամանակաշրջանում փոքր երկրները պետք է միմյանց սատարեն:
Նա ընդգծել է, որ լավ տեղեկացված են Լաչինի ճգնաժամից և հստակ կարող են ասել, որ դա ամենևին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը, և պատրաստակամություն է հայտնել հետևողականություն ցուցաբերել հարցի լուծմանը նպաստելու ուղղությամբ։
«Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ: Չնայած բոլոր մարտահրավերներին` մենք որդեգրել ենք ժողովրդավարության ուղին և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին»,- ասել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ ՀՀ–ն հաստատակամ է իր ընտրության մեջ և ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։