ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ղրիմն անքակտելիորեն կապված են հնագույն պատմական կապերով, նախևառաջ հենց դրանով է պայմանավորված Հայաստանում Ղրիմի օրերի անցկացումը: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։
«Հայերն ավանդաբար ապրում են Ղրիմի տարածքում, մեզ մոտ համախմբված, շատ ակտիվ հայկական համայնք է ապրում և աշխատում։ Ամեն տարի մենք անցկացնում ենք Ղրիմի Հանրապետության օրերը Հայաստանում և, որպես կանոն, Հայաստանի օրերը Ղրիմի Հանրապետությունում։ Դա կապված է հին պատմական կապերի հետ»,- նշեց Մուրադովը։
Միջոցառումների շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Ղրիմի կամերային սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությանը, որն ապրել և ստեղծագործել է թե՛ Հայաստանում, թե՛ Ղրիմում:
«Մենք շատ վայրեր ունենք նաև Այվազովսկու հետ կապված։ Այժմ վերականգնվում է Այվազովսկու թանգարանը, այն տունը, որտեղ նա ապրել է, եկեղեցին, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել է»,-հավելեց փոխվարչապետը։
«Մենք շատ վայրեր ունենք նաև Այվազովսկու հետ կապված։ Այժմ վերականգնվում է Այվազովսկու թանգարանը, այն տունը, որտեղ նա ապրել է, եկեղեցին, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել է»,-հավելեց փոխվարչապետը։
Մուրադովն այսօր հանդիպել է Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ կապակցությամբ նա նշեց, որ հատուկ ուշադրություն է հատկացվում քաղաքակրթական կապերի զարգացմանն ու հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը:
«Ռուսաստանը նոր արտաքին քաղաքական դոկտրին է ընդունել, և այդ դոկտրինը հատուկ ուշադրություն է դարձնում հայրենակիցների հետ աշխատանքին, հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը... Սրանք շատ զգայուն և ցավոտ թեմաներ են Ռուսաստանի և ռուսական հասարակության համար։ Այն, ինչ տեղի է ունեցել Մերձբալթյան երկրներում, այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Ուկրաինայում, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների, մարդկանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ուղղակի խախտում է»,- ասաց Մուրադովը։
Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր, արևելաքրիստոնեական քաղաքակրթության մաս են։ Սա նրանց համար ընդհանուր ընտանիք է, և անթույլատրելի է մարդկանց ընտանիքից «հեռացնելու», քաղաքակրթական կոդը փոխելու ցանկացած փորձ։