Կալանավորված փոխքաղաքապետի հաշիվների վրա կալանք չի դրվի. «Ժողովուրդ»

Գևորգ Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Դատարանը մերժել է Գևորգ Սիմոնյանի գույքի վրա կալանք դնելու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Երևանի կալանավորված փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հաշիվների և գույքի վրա կալանք չի դրվի, տեղեկանում ենք «Ժողովուրդ» օրաթերթից։
«Երեկ դատարանը մերժել է նման որոշում կայացնել»,–գրում է թերթը։
Հայտնել էինք, որ Սիմոնյանը կալանավորվել է մարտի 12-ին երկու ամսվա ժամկետով՝ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով։
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քրեական գործ կարող է հարուցվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դեմ։