Առավել դինամիկ շփումների կարիք կա. ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ փոխվարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև առավել դինամիկ շփումների կարիք կա։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին ընդունելիս: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում են կառավարությունից:
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան, առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը»,–ասել է Փաշինյանը:
Նա վստահեցրել է, որ կքննարկեն հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր:
Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը:
«Իհարկե, այդ հարաբերությունները մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները: Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են»,–ասել է Օվերչուկը:
Նա նշել է, որ իրապես ուրախանում են այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է միությունը տեսանելի են:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: