ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր Երևանում Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Գրիգորյանն հանդիպման վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Անդրադարձ ենք կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում կարևորել եմ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը»,– գրել է ԱԱԾ ղեկավարը:
Նա նշել է, որ իտալացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։
Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։