Հայտնի է` ինչ են քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում

Նիկոլ Փաշինյան
Նիստը վարել է կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Քննարկվել են կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ նիստում քննարկվելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը:
Հիշեցնենք` ապրիլի 2-ին ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Ասպրամ Կրպեյանը հայտնել էին, որ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել է, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ «Կարող է՝ խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել, կամ իրեն թվացել է, որ նման բան է տեղի ունեցել։ Դա իր կարծիքն է»,– ասել է ԱԺ խոսնակը։
Նա ընդգծել է, որ նման արարքները չեն հանդուրժվելու։