Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ. Ավինյան

Տիգրան Ավինյան. Արխիվային լուսանկար
Երևանի փոխքաղաքապետի խոսքով` միասնական տոմսային համակարգում կլինեն աբոնենտային հնարավորություններ, զեղչեր՝ տարբեր խմբերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ։ Տեղեկությունը Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեկ –երկու ամիս փորձարկումներից հետո միասնական տոմսային համակարգը տեղադրվելու է բոլոր շարժակազմերում։ Ունենալու ենք աբոնենտային հնարավորություններ, զեղչային համակարգեր տարբեր խմբերի համար։ Կարծում եմ, հաջորդ տարվա վերջում կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95 տոկոսով ավարտված կլինի»,–ասաց Ավինյանը։
Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում, կլինեն նաև հարմարեցված կանգառներ, չվացուցակ, որը պետք է լինի կանգառներում, միգուցե նաև օնլայն` հավելվածի տեսքով , ինչ–որ մի փուլում ավտոբուսների համար առանձնացված գծեր, ինչն էականորեն կփոխի Երևան ճանապարհների ճարտարապետությունը։
Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը։Իսկ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։