ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան Ջակարտայում անցկացրել են ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Տեղեկությունը հայտնում է Ինդոնեզիայի արդարադատության և մարդու իրավունքների նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է մտավոր սեփականության մասին դրույթը, որը ԱԱԳ-ի մասին համաձայնագրի 11 գլուխներից մեկն է:
Առաջին փուլում կողմերը համաձայնեցրել են մտավոր սեփականության վերաբերյալ գլխի մի քանի հոդվածներ, մասնավորապես այն նպատակներն ու սահմանումները, որոնք բաց են մնում լրացուցիչ դրույթների համար:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։