ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ասիայի երկրներին անհանգստացնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Արևմուտքի կողմից «երկրորդ Ուկրաինայի» ստեղծման ռիսկերը՝ Պեկինին զսպելու ամենատարբեր սխեմաներ նախաձեռնելու Վաշինգտոնի փորձերի ֆոնին։ Տեղեկությունը RTVI-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ասիայի երկրները քաջատեղյակ են ուկրաինական հակամարտության բուն պատճառներին և բնույթին։ Թայվանի շուրջ իրավիճակի սրմանն ուղղված սադրիչ գործողություններով Վաշինգտոնի` Պեկինին զսպելու տարատեսակ փորձերի ֆոնին տարածաշրջանի պետություններին անհանգստացնում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան հատվածում Արևմուտքի կողմից «երկրորդ Ուկրաինայի» ստեղծման ռիսկերը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։
Նա ընդգծել է, որ Ասիական գործընկերները տեսնում են, թե ԱՄՆ-ն ու դրա դաշնակիցներն ինչ գործիքներ են օգտագործում Եվրոպայում իրենց կողմից սանձազերծված դիմակայությունում:
«Դա ներքին իրավիճակի խարխլում է, միտումնավոր տեղեկատվական լցոնումներ, քաոսի տարրերի ստեղծում՝ արմատականության ծայրահեղ ձևերի մշակման միջոցով։ Նման մեթոդները, Արևմուտքի տեսանկյունից, կիրառելի են նաև այն պետությունների ու տարածքների համար, որոնք գտնվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան գոտում», - ավելացրել է Ռուդենկոն։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարության և նրա կղզու՝ Թայվանի միջև պաշտոնական հարաբերութունները խզվել են 1949 թվականին, երբ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտված ուժերը տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսել են կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։