Արևմուտքին չի հաջողվում ՌԴ-ի շուրջ գլոբալ մեկուսացում ստեղծել. Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի խոսքով` Վաշինգտոնը «բավական լկտիաբար» փորձում է միջամտել տարբեր պետությունների ներքին գործերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արևմուտքին չի հաջողվում Ռուսաստանի շուրջ գլոբալ մեկուսացում ստեղծել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Մենք տեսնում են` ինչ հսկայական ճնշում է գործադրում Միացյալ Նահանգները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի երկրների նկատմամբ։ Նրանց չի հաջողվում հասնել իրենց նպատակին, այսինքն` Ռուսաստանի շուրջ այդպիսի շրջափակում ստեղծել», – ասել է նա լրագրողներին։
Նարիշկինն ԱՄՆ-ի այդ գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է անվանել. «Վաշինգտոնը փորձում է բավական լկտիաբար միջամտել ինքնիշխան միջազգային պետությունների ներքին գործերին` նրանց կողմից սեփական ներքին և արտաքին քաղաքականությունը որոշելիս»։
Նա նշել է, որ այն փոքր երկրների նկատմամբ, որոնք նախկինում գտնվում էին Արևմուտքի ազդեցության տակ և չէին դիվերսիֆիկացնում իրենց արտաքին կապերը, Արևմուտքի նման քաղաքականությունը կարող է որոշակի արդյունք տալ միջնաժամկետ հեռանկարում։
«Սակայն եթե խոսենք ռազմավարական խորություն ունեցող պետությունների մասին, ապա ԱՄՆ-ի նման քաղաքականությունը հեռանկար չունի, առավել ևս այն անհեռանկարային է այնպիսի միջպետական միավորումների հետ կապված, ինչպիսիք են Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետությունը, ՀԱՊԿ-ը, Եվրասիական տնտեսական միությունը», – հավելել է նա։