ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, իր վրա հարձակվելու վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Աշոտը հերքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը, թե իր վրա հարձակվել են։
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է տեղեկության տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,– հայտնել է Աշոտ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 3–ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։ Սիմոնյանի խոսքով` դա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Նա վստահություն էր հայտնել, որ արարքի իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։
Նշենք նաև, որ Ալեն Սիմոնյանը որոշ ժամանակ անց հեռացրել է գրառումը «Ֆեյսբուքի» իր էջից։