Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կիլոմետր ճակատով ամրաշինական աշխատանք են անում. Աբրահամյան

Արխիվային լուսանկար
Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանն ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալ հնարավորություն Ադրբեջանը ստացել է»,–գրել է նա։
Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանն ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է:
Հիշեցնենք` մարտի 25–ին Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել։ Այդ օրն Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե իբր ադրբեջանական կողմը վերջին օրերին Ղարաբաղից Հայաստան տանող գրունտային ճանապարհներին «ապօրինի» շինարարական աշխատանքների ակտիվացում է արձանագրել։ Բացի այդ ընդգծվում էր, որ դա արվել է իբր Հայաստանից զենք-զինամթերք տեղափոխելու միջոցով իրավիճակի սրումը կանխելու համար։