ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հիմք ընդունելով «Հետք» լրատվական կայքի երկու հրապարակումները կաթնաշոռի և թթվասերի շուկայում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք կազմակերպություններում: Այս մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը լաբորատոր փորձաքննության է հանձնել 9 ընկերության` «Չանախ», «Հայր և որդի Երեմյաններ», «Բոնիլատ», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնի կաթնամթերք», «Աշտարակ կաթ», «Մարիլա» արտադրանքի կաթնաշոռերը։
Դրանցից 4–ում կաթնաշոռները կաթնաթթվային մանրէներ և խմորասնկեր ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ այն ընկերություններում, որտեղ արձանագրվել են խախտումները, արտադրական առանձին գործառույթը՝ կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է»,– ասված է հաղորդագրությունում:
Տեսչական մարմինը նշում է, որ ընկերությունները սահմանված ժամկետներում վերացրել են խախտումները։ Վերստուգման արդյունքում կասեցումները վերացվել են:
Ինչ վերաբերում է «Թամարա և Անի» (Անի) ՍՊԸ-ի կաթնաշոռ արտադրատեսակի մակնշմանը, ապա այն համապատասխանում է իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Փորձաքննության են հանձնվել նաև 4 ապրանքանիշի` «Չանախ», «Բոնիլատ», «Արզնի կաթնամթերք» և «Բիոկաթ» թթվասերները:
Դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել։