ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Վրաստանը ծրագրում է Անակլիայում խորջրյա նավահանգստի շինարարությունը սկսել 2023 թվականի աշնանը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք բավականին դրական ակնկալիքներ ունենք այս տարի, նախատեսում ենք լուրջ մասշտաբային նախագծեր սկսել։ Վերջապես կսկսվի Անակլիա նավահանգստի շինարարությունը»,-ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ խորջրյա նավահանգստի շինարարությունը սկսվել էր 2017 թվականի դեկտեմբերին, սակայն դադարեցվել էր։ 2020 թվականի հունվարին իշխանությունները խզեցին պայմանագիրը «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ` ներդրողին մեղադրելով ֆինանսական պարտավորությունները չկատարելու մեջ։
Այն տարածքները, որտեղ լինելու է նավահանգիստը, արդեն պատկանում են պետությանը` Պետական գույքի կառավարման ազգային գործակալությանը։ Ընդ որում, նավահանգստի մասնաբաժնի 51%-ը պատկանելու է պետությանը։
Անակլիայում խորջրյա նավահանգիստ կառուցելու որոշումը Վրաստանի իշխանություններն ընդունել են երկրի տարանցիկ ներուժը մեծացնելու և «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծին միանալու համար, որը պետք է միացներ Արևելքն ու Արևմուտքը դեռևս 2016 թվականին:
Վրաստանում հիմա երկու նավահանգիստ է գործում` Բաթումիում և Փոթիում։ Ընդ որում, բեռնափոխադրումների հիմնական հոսքն այսօր անցնում է Փոթիով։ Փոթիի նավահանգստի նավամատույցների խորությունը թույլ է տալիս ընդունել 10 մետրից ոչ ավելի նստվածքով, Բաթումիի նավահանգիստը 12-13 մետր նստվածքով նավերը։ Անակլիայի նավահանգիստը նախատեսված է խորջրյա դառնալու համար, այսինքն` ավելի քան 18 մետր նստվածքով խոշոր նավերի համար։