Սոչիում «Հայաստան–Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» խորագրով համերգ է կայացել

«Հայաստան–Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» խորագրով համերգ
Կրասնոդարի երկրամասում Հայաստանի օրերի անցկացումը կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև պատմական և հոգևոր-մշակութային կապերի ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Հայաստանի օրերը ՌԴ մարզերում» նախագծի շրջանակում Սոչիի Ձմեռային թատրոնում «Հայաստան–Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» խորագրով համերգ է կայացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա է եղել ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Նա նշել է, որ Կրասնոդարի երկրամասում Հայաստանի օրերի անցկացումը կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև պատմական և հոգևոր-մշակութային կապերի ամրապնդմանը։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միավորում են բարեկամական սերտ հարաբերությունները, բազմադարյա պատմական և մշակութային ժառանգությունն ու ընդհանուր հաղթանակները։
ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությանը՝ ընդգծելով դրա առանցքային նշանակությունը ժամանակակից պայմաններում։
Վաղարշակ Հարությունյան
Սոչիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Կոնյուկը վստահություն է հայտնել, որ մեկնարկած ծրագիրը կնպաստի Սոչիի և Հայաստանի քաղաքների միջև մշակութային ու հումանիտար համագործակցության զարգացմանը։
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Երեկոն շարունակվել է Ռուսաստանի պետական ակադեմիական Մարիինյան թատրոնի, Ս․Փարաջանովի անվ․ մոսկովյան թատրոնի, Ա․Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի մենակատարների և «Արարատ Բենդ» ազգային երաժշտական գործիքների համույթի կատարումներով։
Միջոցառման շրջանակներում ՌԴ-ում դեսպանության շնորհակալագրեր են հանձնվել Սոչիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Կոնյուկին և Սոչիի հայ համայնքի ղեկավար Իլարիոն Վարվաշտյանին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանը Կրասնոդարի հայ համայնքի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը