«Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանի գյուղական դպրոցների համար ծրագիր է գործարկել

ՀՀ գյուղերից մեկի դպրոցը
ՀՀ գյուղերից մեկի դպրոցը. Արխիվային լուսանկար
Ռուս գրականություն առարկայի բաց դաս է անցկացվել Շիրակի մարզի դպրոցներից մեկում: Կազմակերպվել է նաև սեմինար ուսուցիչների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը գործարկել է «լուսավորություն» կրթական նախագիծը հանրապետության գյուղական դպրոցների համար, հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«Գյումրիի ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) իրականացնում է «Լուսավորություն» նախագիծը Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածի գյուղական դպրոցների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ախուրյան գյուղի թիվ 2 դպրոցում հավաքվել էին Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու ռուսերենի ուսուցիչներ 20 հարևան գյուղերի դպրոցներից։
«Լիրիկան երաժշտության հոգին է» խորագրով ռուս գրականության բաց դասը դպրոցի հանդիսությունների դահլիճում անցկացրեց ուսուցչուհի Սիրանուշ Հակոբյանը: Դասի ընթացքում աշակերտները ցուցադրեցին երաժշտությունը, պոեզիան և ժողովրդական պարը միավորելու ունակություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գյումրիում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հումանիտար և կրթական նախագծերի ղեկավար Անահիտ Պետրոսյանը բացեց «Դասավանդման ինտերակտիվ մեթոդներ» թեմայով սեմինարը, իսկ հյուր-ուսուցիչները ներկայացրեցին որոշ մեթոդիկաների կիրառման փորձը:
Գյումրու ռուսական տան մշակութային միջոցառումների համակարգող Իրինա Պողոսյանն իր հերթին բարձր դասարանների աշակերտներին ներկայացրեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Education in Russia» ծրագրի շնորհանդեսը, որում ներկայացվեցին ռուսական բուհերում անվճար կրթության առավելությունները: