ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։
«Ապրիլի 12-15–ը նախատեսվում է շահագործել հետևյալ երթուղիները. 67 համար երթուղին, որը կսպասարկի փոքր դասի ավտոբուսներով և իրար կկապի Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանները։ Համար 40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները։ Համար 1 հիմնական երթուղին` թվով 18 բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսներով իրար կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները»,–ասաց Սարգսյանը։
Նույն ժամանակահատվածում թվով 18 չինական «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով կսպասարկվի համար 58 երթուղին, որն իրար կկապի Ավան– Առինջ , Ավան, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները ։
Թվով 4 նոր շարժակազմով կհամալրվի համար 97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան։
Սարգսյանը հավելեց, որ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։
Նրա խոսքով` մնացած ավտոբուսները շահագործման կհանձնվել հունիսից։