ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզի՝ Էր Ռիադ այցելելու հրավերը: Տեղեկությունը հայտնել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
Նշենք, որ Թեհրանի և Էր Ռիադի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել էին 2016 թվականին՝ Իրանում սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա շիա հայտնի աստվածաբան Նիմր ան Նիմրի մահապատժի դեմ բողոքողների հարձակումից հետո:
2023 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար։ Կողմերը պայմանավորվել են երկու ամսվա ընթացքում բացել դեսպանատներ և ներկայացուցչություններ: