Հովհաննիսյանը շվեդական պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակության հետ
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շրջանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ նաև վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում:
Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման հրամայականը:
Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Շվեդիայի Ռիկսդագում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։
ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակության հետ
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։