Հոխիկյանի և Համբարյանի հրապարակումները կուսումասիրվեն. ԲԴԽ–ն իրավական քայլեր է ձեռնարկել

Բարձրագույն դատական խորհուրդը դիմել է գլխավոր դատախազին ու ՔԿ նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը դատավորներ Լիլիթ Խաչատրյանին և Էդուարդ Հովհաննիսյանին վիրավորելու կապակցությամբ իրավական քայլեր է ձեռնարկել։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։
«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունված երկու արձանագրային որոշումների հիման վրա դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ուսումնասիրվեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ Նաիրի Հոխիկյանի և Գագիկ Համբարյանի կողմից արված՝ առերևույթ վիրավորանք պարունակող հրապարակումները»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ԲԴԽ–ի` խորհուրդը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ նշված անձանց կողմից կատարված հրապարակումները կարող են որակվել որպես արդարադատության շահերի դեմ ուղղված քայլեր: ԲԴԽ–ն հորդորում է բոլորին զերծ մնալ դատավորի նկատմամբ իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու առնչությամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելուց, ինչպես նաև դատավորներին վիրավորելուց։ Այս արարքները ոչ միայն անընդունելի են, այլ նաև նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով) »,– ասված է հաղորդագրությունում։
Այդ արարքը կատարելու համար սահմանված է պատիժ տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում Էդգար Հովհաննիսյանի մասին գրել էր, թե նա իշխանության պատվեր կատարած ու նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր է։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ստախոս, գրագող և անգրագետ էր անվանել դատավոր Լիլիթ Խաչատրյանին։