ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Առաջին ատյանի 220 դատավորների (քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության դատարանների) աշխատավարձերը կբարձրանան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով` հավասարվելով հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին։
«Վերջին տարիներին առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարաններում, գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է նշված դատավորների գերծանրաբեռնվածության։ Այս համատեքստում էլ առաջացել է տվյալ դատավորների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները և այլն։
Ըստ նախարարության`դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները: