Հայաստանը Իրանին է հանձնել սահմանախախտին

Հայ–իրանական սահման
Աֆղանստանի քաղաքացին լողալով անցել է Արաքս գետը, մոտեցել փշալարային ցանցին և հաղթահարել այն, որից հետո ՌԴ սահմանապահները ձերբակալել են նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանը Իրանին է հանձնել Սյունիքի մարզում հայտնաբերված և ձերբակալված սահմանախախտին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Մարտի 22-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից «Մեղրի» սահմանապահ ուղեկալի պահպանվող տարածքում անհայտ անձը, անօրինական սահմանահատմամբ, Իրանից դեպի Հայաստան Արաքս գետն անցնելով, մոտեցել է փշալարային ցանցին և հաղթահարել այն»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԱԾ–ի` փշալարային ցանցի ազդանշանային համակարգի գործարկման արդյունքում սահմանախախտը ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից և տեղափոխվել «Մեղրիի» սահմանապահ ուղեկալ։
Համաձայն գործող կանոնակարգի` օտարերկրացին «Մեղրի» սահմանապահ ջոկատի ծառայողների կողմից «Ագարակ» սահմանային անցման կետով հանձնվել է իրանական կողմին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`խոսքը Աֆղանստանի քաղաքացու մասին է։
Հիշեցնենք` միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունն է զբաղվում Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությամբ։
Ավելի վաղ Թուրքիայի հետ սահմանին 4 սահմանախախտ էր ձերբակալվել։